Եվրամիությունը մտահոգված է Ստեփանակերտ գազի մատակարարման վերսկսման հարցով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
«Անհրաժեշտ է շտապ վերականգնել տուժած բնակչությանը մատակարարումները: ԵՄ-ն կոչ է անում վերահսկող մարմիններին լուծել այդ հարցը, հատկապես՝ ներկայիս խիստ եղանակային պայմաններում»,- գրել է Ստանոն:
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցչի գրառմանն արձագանքել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Գազից զուրկ է ոչ միայն Ստեփանակերտը, այլև ողջ Լեռնային Ղարաբաղը՝ իր 120 000 բնակչությամբ: Այդ մարդիկ Ադրբեջանի գործողությունների պատճառով արդեն քանի օր է՝ զրկված են իրենց իրավունքներից: Իրերը կոչեք իրենց անուններով, պարո՛ն Ստանո»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Արցախի ողջ տարածքը մարտի 8-ից զրկվել է գազից՝ Հայաստանից Արցախ տանող գազատարի վնասման հետևանքով. վնասված հատվածը գտնվում է ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում:
Ադրբեջանական կողմն այս բոլոր օրերին խոչընդոտել է «Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետների մուտքը վնասված տարածք, և միայն մարտի 16-ին հայտարարել է, որ ձեռնամուխ է լինում վնասված հատվածի վերանորոգմանը: Գազն սկսել է հանրապետություն մուտք գործել մարտի 19-ին, սակայն մարտի 21-ին Արցախի գազամատակարարումը կրկին դադարեցվել է: Ըստ Արցախի Հանրապետության իշխանությունների՝ ադրբեջանցիները փական են տեղադրել գազատարում և փակել հանրապետության գազամատակարարումը: