Արցախում գազամատակարարման խափանման ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ գործի ենք գրել դիվանագիտական մեր բոլոր ջանքերը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի հարցին, թե միջազգային գործընկերության մակարդակում ինչ է անում կառավարությունը Արցախում գազամատակարարումը վերականգնելու համար։
Նախարարն ասաց, որ գազատար խողովակները գտնվում են ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ուստի ամենքից առաջ պարբերական կապը պահպանվում է ռուսաստանյան գործընկերների հետ։ Մնացյալ քաղաքակիրթ աշխարհի հետ ևս կապ է պահպանվում․ նոտա է հղվել բոլոր միջազգային գործընկերներին։
Միրզոյանի խոսքով՝ հարցը վարչապետի ուշադրության կենտրոնում է, սակայն ԱԳՆ-ն իր հասանելիության օղակներում նույնպես աշխատանքներ է տանում։