Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում՝ նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:
Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս տասներկուսինը` բավարար:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:
Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցություններն էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Ավելի վաղ հայտնել էին, որ հայկական կողմն ունի երեք զոհ, տասնհինգ վիրավոր։