Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման պահանջով այսօր՝ մարտի 26-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խաղաղ հավաք է տեղի ունեցել՝ «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնությամբ, հայտնում է artsakhtert.com-ը։
Կազմակերպիչները միջազգային հանրությանն ու կառույցներին կոչ են արել կանխել Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանությունն ու Արցախի հայաթափումը: Նշելով ահաբեկչական Ադրբեջանի գործողությունների հետևանքով արցախահայության ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգները՝ հավաքի մասնակիցները միաժամանակ կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ հանուն փրկության ու անվտանգության: «Մեր իրավունքները ոտնահարված են, կյանքը՝ վտանգված: Խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար կետերը՝ ադրբեջանական զինված ուժերը ահաբեկչական հարձակումներ են գործում: Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել, մեկ բռունցք դառնալ, կանգնել արցախահայության կողքին»,-նշել են «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնության անդամները:
Մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Այս պահին ճշտված տեղեկություններով ՊԲ 3 զինծառայողներ զոհվել են, 15 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։
Այսօր՝ ժամը 11։00-ի հատվածում, ադրբեջանական ուժերը կրկին փորձ են արել առաջխաղացում ապահովել, ինչը կանխվել է Արցախի ՊԲ ուժերի կողմից։