Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները, քննարկվել են, մասնավորապես, շրջաններում առկա խնդիրները, հստակեցվել հետագա անելիքները։
Երկրի ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել շրջվարչակազմերի ղեկավարներին տեղերում խնդիրների արագ ու արդյունավետ լուծման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր: Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:
Այս պահին ճշտված տեղեկություններով ՊԲ 3 զինծառայողներ զոհվել են, 15 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։
Այսօր՝ ժամը 11։00-ի հատվածում, ադրբեջանական ուժերը կրկին փորձ են արել առաջխաղացում ապահովել, ինչը կանխվել է Արցախի ՊԲ ուժերի կողմից։
Ի դեպ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ավելացնել խաղաղապահների թվաքանակը։