Ռուսաստանն իր ծայրահեղ մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը։
«Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել բարձր մակարդակով գոյություն ունեցող եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարումը», – գործակալությունը մեջբերում է ԱԳՆ հայտարարությունը:
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Այս պահին ճշտված տեղեկություններով ՊԲ 3 զինծառայողներ զոհվել են, 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։
Այսօր՝ ժամը 11։00-ի հատվածում ադրբեջանական ուժերը կրկին փորձ են արել առաջխաղացում ապահովել, ինչը կանխվել է Արցախի ՊԲ ուժերի կողմից։