Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «ոչ հավաստի և միակողմանի» է անվանել մարտի 26-ին ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նաև ընդգծել է, որ ՌԴ Պաշտպանության նախարարության նշված հայտարարությունը հակասում է 2022 թվականի փետրվարի 22-ին Բաքվի և Մոսկվայի միջև ստորագրված դաշնակցային հռչակագրին:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանը չի խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ:
Նշենք, որ այսօր ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումը։
«Մարտի 24-ից 25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և դիտակետ են տեղադրել: Փառուխ բնակավայրի հատվածում չորս հարված է հասցվել «Bayraktar-TB 2» տիպի անօդաչու թռչող սարքով» – ասվում է տեղեկագրում, որը հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում։