Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը: Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել նաև ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի:
Երեկ ՌԴ ԱԳՆ ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին:
Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ-ում ռազմական դրության մասին հրամանագիր է ստորագրել: