Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս նշել է, որ Արցախի իշխանությունների օրակարգում Հանրապետությունում կայունության ապահովումն է:
Նախագահի խոսքով՝ Արցախի զինված ուժերի ու ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, ինչպես նաև դիվանագիտական հնարավոր մեխանիզմներով շարունակվում են գործադրվել բոլոր ջանքերը խաղաղություն ապահովելու և շփման գծի արևելյան հատվածից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար:
Հանդիպման ընթացքում Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել երկրի պաշտպանության կազմակերպման և ուժային մարմինների միջև փոխգործակցության վերաբերյալ:
Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի: Կիրակի երեկոյան Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ Ադրբեջանը զորքերը դուրս է բերել Արցախի Փառուխ գյուղից, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր զորքերը դուրս բերելու վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի տարածած հայտարարությունը։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։
Նշենք նաև, որ ըստ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ ՀՀ Անվտանգության խորհուրդն էլ Ադրբեջանի Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ: