Մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։ Ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԳՆ-ը։
«Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական և դիվանագիտական քայլեր։ Մեծ է նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը։
Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, ովքեր հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և բարոյականության նորմերին՝ համարժեք գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին և ջանքեր գործադրել այս հումանիտար աղետը վերացնելու ուղղությամբ։
Մարդասիրական խնդիրների քաղաքականացումն անթույլատրելի է ու անբարոյական, ցանկացած նման փորձ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին»,- ասված է հայտարարության մեջ։
Արցախում մարտի 8-ին գազամատակարարումը դադարեցվել էր։ Գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում էր` Շուշիի մոտ: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս արցախցի մասնագետին և ռուս խաղաղապահներին մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։
Մարտի 18-ին հաղորդվեց գազատարի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, հաջորդ օրվանից գազամատակարարումը վերականգնվեց, սակայն ադրբեջանական կողմը, ըստ տեղեկությունների, փական է տեղադրել գազատարի վրա, ինչի հետևանքով օրեր անց կրկին խնդիրներ առաջացան գազամատակարարման հետ կապված։