Խրամորթից ու Փառուխից շուրջ 200 երեխա, կին ու տարեց է տարհանվել։ Այս մասին Facebook-ի էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ մի քանի անգամ այցելել է Խրամորթ համայնք, կապ է պահում շրջվարչակազմերի ղեկավարների ու լիազոր նախարարների տվել համապատասխան հանձնարարականներ: Նա հանձնարարվել է կարիքավոր ընտանիքներին ապահովել ժամանակավոր կացարաններով։
«Հանձնարարել եմ սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը արագորեն գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել առաջին անհրաժեշտության աջակցություն: Արդեն սննդամթերքի տեսքով որոշակի ծավալի աջակցություն տրվել է և առաջիկայում աջակցության լրացուցիչ միջոցներ ևս կկիրառենք: Կառավարության հետ համագործակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս ցուցաբերում է աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական բնույթի, և, ըստ կարիքի, կառավարությունը նույնպես կտրամադրի ֆինանսական օգնություն տարհանված անձանց՝ հաղթահարելու իրենց սուր հիմնախնդիրները:
Հանձնարարված է լիազոր մարմիններին կարիքների գնահատման արդյունքների հիման վրա ապահովել Խրամորթից ու Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին ժամանակավոր կացարաններով՝ մինչև իրավիճակի կարգավորումը և նրանց վերադարձը հայրենի տներ: Աշխատանքներ են տարվում նաև տարհանված երեխաների կրթության պատշաճ կազմակերպման ուղղությամբ»,- նշել է նախարարը։
Նա նաև հայտնել է, որ գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում կենդանիների պաշտպանության ու անասնակերի ապահովման ուղղությամբ: Մի շարք աշխատանքներ են կատարվել ու կատարվում նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ Հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու առումով, որոնց մասին լիազոր մարմինները առանձին հրապարակումներով հանդես կգան:
Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։
ՀՀ Անվտանգության խորհուրդն էլ Ադրբեջանի Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ: