Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
«Արցախի Հանրապետության իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և դիվանագիտական տարբեր միջոցներով շարունակում են հետևողական աշխատանքները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն և ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը: Արցախի զինված ուժերը զուգահեռաբար իրականացնում են իրենց գործառույթները՝ շարունակաբար բարելավելով Հանրապետության պաշտպանական ամրություններն ու մեխանիզմները:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գրավել են Արցախի Փառուխ գյուղը և հարակից մի քանի շրջաններ։ Հետագա առաջընթացը կասեցվել է խաղաղապահների միջամտության արդյունքում։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները առաջխաղացման հերթական փորձն են ձեռնարկել։ Մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց Փառուխ գյուղից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այս տեղեկությունը։
Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ նույն դիրքերում՝ Փառուխ գյուղին հարող Քարագլուխ բարձունքում, իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել պաշտպանական գծերն ամրապնդելու և հակառակորդին զսպելու համար։