Այս պահին Արցախի առաջնագծում իրավիճակը հարաբերական հանգիստ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
«Կարող ենք հանգիստ պայմաններում անկաշկանդ կյանքի կոչել այն օրենքի նախագծերը, որոնք հիմա ձեր դատին կներկայացնեմ»,- ասել է Արթուր Թովմասյանը:
Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված:
Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: