Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Ըստ ՄԻՊ-ի՝ նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։
«Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր»,-հայտնել է նա։
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր: Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Տեղի ունեցած մարտերի ընթացքում ՊԲ 3 զինծառայող է զոհվել։
ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին: