Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր Telegram-ալիքում անդրադարձել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի՝ Բաքու կատարած այցին։
«Այս օրերին, երբ Ադրբեջանը հերթական անգամ օկուպացնում է Արցախի բնակավայրերից մեկը և Արցախի ռազմավարական կարևոր բարձունքը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն այցելում է Բաքու, իսկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում ղարաբաղյան հակամարտությունը։
Ադրբեջանին բրիտանական բացահայտ աջակցությունը մենք տեսել ենք 2020 թվականին ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Նույնիսկ հիմա, Փառուխի և Քարագլխի օկուպացիայց հետո, Մեծ Բրիտանիան չի թաքցնում իր ռազմավարական աջակցությունը, չհաշված թաքնված աջակցության իրական ծավալները, ինչը մենք կարող ենք միայն գուշակել։
Դա արվում է տարածաշրջանում ադրբեջանա-թուրքական տանդեմի դիրքերն ամրապնդելու համար ՝ Ռուսաստանի կենսական շահերին հարվածելու նպատակով, ինչի արդյունքում ոտնահարվում են Արցախի բնիկ ժողովրդի կյանքն ու անվտանգությունը։ Իսկ Արևմուտքի կողմից «թմբկահարվող» մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն ամենևին էլ կարևոր չեն նման կեղտոտ աշխարհաքաղաքական խաղերում»,-գրել է արցախցի պաշտոնյան։