Բրյուսելյան հանդիպումից Արցախյան հարցում որևէ դրական փոփոխության սպասելիք չունեինք, ինչը և եղավ։ Այդ հանդիպման ընթացքում ընդհանրապես չշոշափվեց Արցախի կարգավիճակի հարցը, չխոսվեց ԵԱՀԿ Մինսկ-ի խմբի ձևաչափի մասին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում արձանագրեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Բրյուսելում տեղի ունեցած Միշել- Փաշինյան- Ալիև եռակողմ հանդիպման մասին։
Նրա դիտարկմամբ՝ այս ամենը խնդրահարույց է, քանի որ ԵԱՀԿ Մինսկ-ի խմբի ձևաչափը միակն է, որտեղ հնարավոր է Արցախյան հարցի կարգավորումը և հիմքում ընկած է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Մետաքսե Հակոբյանը բրյուսելյան եռակողմ հանդիպումից տպավորություն է ստացել, որ փորձում են Արցախյան հարցի լուծումը տանել այլ հարթություն, որտեղ, օրինակ, քննարկման առարկա կդառնա Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությունը։
«Ցավոք, Նիկոլ Փաշինյանն իր լռությամբ արձանագրեց այդ փաստը։ Շառշ Միշելի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ արագ պետք է անցնել խաղաղության օրակարգի նախապատրաստմանը։ Այս ամենը չի բխում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի շահերից, այն բխում է Ադրբեջանի շահից։ Այս ամենում իր շահն ունի նաև Արևմուտքը, որը փորձում է մեր տարածաշրջանում չեղարկել Ռուսաստանի դերակատարությունը»,- նկատեց Արցախցի պատգամավորը։
Բրյուսելյան հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ԱԳ նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
«Արդարություն» խմբակցության քարտուղարի կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը չի կարող որևէ կերպ ընդունելի լինել Արցախի համար ոչ թե այն պատճառով, որ պատերազմն են ուզում, այլ՝ որ իրեմց համաչ անընդունելի են ադբեջանական կողմի ներկայացրած պահանջները։
«Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը չպահպանեց այդ եռակողմ հայտարարության որևէ կետ և հասավ նրան, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ ունեցանք զոհեր և վիրավորներ թե՛ զինվորների, թե՛ խաղաղ բնակիչների շրջանում։ Սա փաստում է մի բան, որ մեր առջև ագրեսոր պետություն է կանգնած, որը չի հրաժարվելու իր նպատակներից։ Իսկ հակառակորդ պետության նպատակն է, որ Արցախում չթողնի որևէ հայ։ Այդ եռակողմ հայտարարությունն առ ոչինչ է»,- նշեց նա։
Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ Ադրբեջանը չի ձգտում խաղաղության։ Նա խաղաղության օարակարգը կեղծ է համարում։
Պատգամավորի գնահատմամբ՝ Արցախն այսօր օրհասկան վիճակում է և ելքը միայն Արցախի ճանաչումն է համարում։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռքվերվել։