Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար Գևորգ Չավուշյանն Armenia Today-ի հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե ադրբեջանցիները Աղավնո գյուղում էլեկտրասյուներ են տեղադրում։
Համայնքի ղեկավարի պարզաբանմամբ՝ ադրբեջանցիները ցանկացել են համայնքի միջոցով անցնող միջանցքում էլեկտրասյուներ տեղադրել, բայց բանակցություններից հետո հետ են քաշվել․ էլեկտրասյուները տեղադրվում են Աղավնոյի մոտակայքում։
«Իրականում սա հին պայմանավորվածություն է, բայց մենք ասել ենք, որ գյուղի միջոցով չեք կարող էլեկտրասյուներ տեղադրել։ Հեռացրել ենք 8,5 կմ, որ կոնֆլիկտներ չստեղծվեն, մեր առաջարկն ընդունել են։ Բայց մենք խաղաղապահների հետ բանակցեցինք, ադրբեջանցիները հետ քաշվեցին դեպի սահմանագիծ, որն անցնում է սարի վրայով։ Մի քանի ամիս է՝ աշխատում են, որպեսզի էլեկտրասյուները տեղադրվեն»,- նշեց նա՝ պարզաբանելով, որ Բաքուն իր վերահսկողության տակ անցած ՀԷԿ-ից էլեկտրահաղորդալարերի գիծ է կառուցում։
Աղավնոյի համայնքապետի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը փորձում են մանիպուլացնել և քաղաքական նպատակների ծառայեցնել։
«Ժիրայր Սեֆիլյանը մեկ ամիս առաջ պղծում էր Արցախի դրոշը, հիմա ի՞նչ է եղել, Արցախով եք մտահոգ։ Փորձում են քաղաքական նպատակներով այս իրադրությունն օգտագործել»,- հավելեց նա։
Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Մարտիրոս Հակոբյանը, ով բնակություն է հաստատել Արցախի Աղավնո համայնքում, ավելի վաղ ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ ադրբեջանցիները փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս։
«Իրենք եկել են, էլեկտրասյուներ են ուզում տեղադրել գյուղում՝ հոսանք քաշելու համար, մենք թույլ չենք տալիս։Հոսանքը տանելու են այն տարածքներ, որոնք պատերազմի ժամանակ զբաղեցրել են։ Հիմա դեռ չգիտենք, թե ինչով կավարտվեն բանակցությունները»,- ասել էր Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամը։