Այսօր՝ մայիսի 19-ին, Ճարտար համայնքում, մեկնարկեց «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկած «Արցախն ապրում է» խորագրով փառատոնը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի փիառ պատասխանատու Գառնի Մութաֆյանը:
«Այսօր բավականին հագեցած օր ենք ունեցել Ճարտարում: Ցուցադրել ենք երկու ներկայացում, որից հետո հանդիսատեսը հնարավորություն է ունեցել շփվելու իր սիրելի դերասանի հետ, ապա ազգագրական պարի բացօթյա դասերի մասնակցել , որը վարել է 44-օրյա պատերազմին մասնակցած Միհրան Կոստանյանը»,-նշում է Գ. Մութաֆյանը և հավելում, որ փառատոնը պատերազմից հետո առաջին մշակութային մեծ միջոցառումն է Արցախում։ Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր դետալի մանրամասն ուշադրություն են դարձրել:
Կայքի զրուցակիցն ընդգծել է՝ փառատոնի նպատակներից մեկը հետպատերազմական Արցախում մշակութային կյանքն ակտիվացնելն է:
Ճարտարի արվեստի դպրոցի տնօրեն Հովիկ Հարությունյանի խոսքով` վերջին շրջանում Ճարտարի ակումբը դեռ այսքան մարդաշատ չէր եղել։
«Դա ուղղակի գովելի է, իսկ ինչ վերաբերում է փառատոնի մեկնարկին, այն համարում եմ հաջողված, որովհետեւ բացի հետաքրքիր ժամանցից, այն հանդիսատեսին տվեց նաև գիտելիք ստանալու հնարավորություն»,-նշեց Հ. Հարությունյանը: