Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Ստեփանակերտում մասնակցել է Ժողովրդագրական համաժողովի բացման արարողությանը։ Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան ալիքում։
«Ողջունում եմ «Ապագա հայկականը» նախաձեռնության կողմից կազմակերպված ֆորումի անցկացման գաղափարը։ Ֆորումը ներառական միջավայր է ստեղծում փորձագետների համար՝ ներկայացնելու իրենց դիտողություններն ու առաջարկները՝ Արցախի առջև ծառացած ժողովրդագրական մարտահրավերները լուծելու համար:
Արցախը հայության համար ունեցել է, ունի և կունենա բացառիկ նշանակություն. ժողովրդագրությունը Արցախի ապագան երաշխավորող կարևորագույն ոլորտներից է»,- գրել է պետնախարարը։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Ստեփանակերտում անցկացվել է ժողովրդագրական խնդիրներին նվիրված ֆորում, որը կազմակերպել էր անցյալ տարի ստեղծված «Ապագա հայկականը» հիմնադրամը։ Ֆորումն անցկացվել է հանրային քննարկումների ձևաչափով՝ քաղաքացիական հասարակության և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։