Փոքր երկրների համար, հատկապես նրանց, որոնք շրջապատված են թշնամական հարևաններով, առանցքային աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործոն լինելու պահպանումն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ առանց դրա նրանք դատապարտված են: Աշխարհաքաղաքական գործոն լինելու կարևորագույն բաղադրիչներից է սկզբունքայնությունը։
«Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից։ Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների, հատկապես սկզբունքային և հավակնոտ հարևանների համար։
Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, ինչն էլ ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանման և սկզբունքներին հավատարիմ մնալու հրամայականը»,- գրում է Բաբայանը։