Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հիշատակումները կհանգեցնեն միայն նոր խնդիրների։ Հայաստանի կառավարությունը պետք է դա հասկանա և զերծ մնա պատմությունը վերաշարադրելու փորձերից։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի IX գլոբալ համաժողովում։
«Եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել մեր տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն այլ ընտրություն չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե Հայաստանը կարգավիճակ պահանջի Ղարաբաղի հայերի համար, ինչու ադրբեջանցիները չպետք է պահանջեն կարգավիճակ ադրբեջանցիների համար Արևմտյան Զանգեզուրում: Եթե Հայաստանը պահանջի կարգավիճակ Ղարաբաղի հայերի համար, ապա ինչու ադրբեջանցիները պետք է չպահանջեն կարգավիճակ ադրբեջանցիների համար»,- ասել է Ալիևը։
Ընդ որում, Ալիևը, հիշատակելով Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությունը, հերթական անգամ խոստացել է «հաշվի առնել Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»՝ հավելելով, որ դա արտացոլված է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով հընդունված հայտարարության մեջ։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո՝ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ հակամարտությունը կարգավորված է համարում: Նա նշել է ռուս-ուկրաինական պատերազմից հետո Մինսկի խմբի երեք համանախագահների միջև շփումների անհնարինությունը։ Նրա խոսքով ՝ Բաքվում արդեն մեսեջներ են ստացել այն մասին, որ Մինսկի խմբի ինստիտուտն այլևս չի գործելու: Ինչ վերաբերում է խաղաղ պայմանագրի կնքմանը, ապա, ըստ Ալիևի, բանակցությունները կսկսվեն անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը խաղաղության պայմանագրի հանձնաժողով ստեղծի։
Ալիեւը նաև ասել է, որ Բաքուն առաջարկում է եռակողմ հանդիպում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև: Ալիևը նաև հայտարարել է, որ առանց «Զանգեզուրի միջանցքի» բացման՝ շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին:
««Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված կետերի կատարումը տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատման հիմնարար հենասյունն է»,- հայտարարել է Ալիևը: Նա բողոքել է՝ ասելով, որ եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը մեկուկես տարի օգտվում է Լաչինի միջանցքից, մինչդեռ Ադրբեջանը չի կարող օգտվել «Զանգեզուրի միջանցքից»՝ Նախիջևանի հետ հաղորդակցության համար: Նա նաև ասել է, որ «Հայաստանի կողմից հաղորդակցությունների բացման միտումնավոր ձգձգումը անհավասարակշռություն է ստեղծում տարածաշրջանում»։