Հունիսի 17-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով հյուրընկալվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանից։
Նշվում է, որ Փարսյանը Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Փարսյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, հատկապես հետպատերազմյան շրջանում՝ նշելով, որ Արցախը և Սյունիքը պատմական տարբեր ժամանակահատվածներում ունեցել են գրեթե նույն կարգավիճակը, անցել են նույն ծանր ուղիներով և միշտ միասնական են եղել։ Նրա խոսքով՝ այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է միասնական լինել։
«Ներկայացնելով այցի առաքելությունը՝ համայնքի ղեկավարն առանձնակի կարևորել է նաև միջանձնային հարաբերությունների ձևավորումը և բարեկամական կապերի հաստատումը երկու քաղաքների միջև: Երկուստեք ընդգծվել է պատրաստակամությունը՝ ակտիվացնելու Կապանի և Ստեփանակերտի միջև կապերը, քանի որ երկու քաղաքները ունեն շատ ընդհանրություններ, որոնք լավ հիմք են արդյունավետ գործակցության համար: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում նախանշվել են այն հիմնական ուղղությունները, որտեղ կարելի է առաջիկայում կոնկրետ ծրագրեր մշակել:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են իրենց քաղաքները բնութագրող նվերներով։
Քաղաքապետ Դավիթ Սարգսյանի ուղեկցությամբ՝ համայնքի ղեկավարը ճանաչողական այց է կատարել նաև Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարան, հանդիպել համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանի հետ։
Ստեփանակերտ կատարած աշխատանքային երկրորդ օրը պատվիրակության անդամները շրջել են նաև մի շարք հաստատություններով, տեղում ծանոթացել առկա հնարավորություններին և պայմաններին՝ առաջիկա ծրագրերը հնարավորինս շուտ կյանքի կոչելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։