Ասում եք՝ ՌԴ-ն չի՞ կատարել իր պարտականությունը։ Իրավունք ունե՞նք մենք որևէ երկրի քարկոծել։ Այս մասին երկուշաբթի օրը Երևանում կայացած մամուլի ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ դա մի երկիր է, որից կախված է մեր երկրի ապագան ու անվտանգությունը։
Նա նշեց, որ հայերը բացառիկ կարողություն ունեն նորմալ հարաբերություններ պահպանելու բոլոր երկրների հետ։ Բաբայանն ասում է, որ Արևմուտքը սիրելու համար անպայման չէ Ռուսաստանն ատելը։ Կարելի է բոլորի հետ լավ հարաբերություններ ձևավորել։ Նախարարը նշեց նաև, որ այն բոլոր տեղերում, որտեղ կա հայկական սփյուռք, մենք պարտավոր ենք պահել լավ հարաբերություններ։
Սակայն Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում է հայատյացության քաղաքականություն, ինչը տեսել են նաև ռուս խաղաղապահները, որոնք, ինչպես արցախցիները, դարձել են նրանց թիրախը։
Նախարարը շեշտեց, որ Արցախի կորուստը կհանգեցնի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտի անկանխատեսելի փոփոխությունների, Անդրկովկասում կգերիշխի պանթուրքիզմը, որն է՛լ ավելի կներթափանցի Կենտրոնական Ասիա, Հյուսիսային Կովկաս, Մերձավոր Արևելք՝ ընդհուպ Չինաստան։
Բաբայանը նաև նշեց Շառլ Միշելի հայտարարությանը տված հավաքական արձագանքը, որին, իր խոսքով, հաջորդեցին մի շարք պաշտոնյաների արդարացումները։ Դա նշանակում է, որ շատ բան է կախված մեզանից, մեր վարքագծից, պահելաձևից։ Այնուամենայնիվ Շառլ Միելի ասածն իրենց համար օրենք չէ, քանի որ սա գոյապայքար է։
Նշենք, որ Երևանում Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցավ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խմբագրած «Արցախի հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը։