Պատերազմը վերապրած և կանգուն Արցախը նայում է ապագային։ Դրա օրինակն է Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի գյուղը:
Հաղորտի համայնքը գտնվում է Ստեփանակերտից 42 կմ հեռավորության վրա՝ Արցախի մի գեղատեսիլ անկյունում։ Չնայած այն բանին, որ խնդիրներն այնքան շատ են, որ դրանք հնարավոր չէ մատների վրա հաշվել․ սկսած խմելու ջրից՝ վերջացրած քարուքանդ եղած միջհամայնքային ճանապարհներից, բայց արցախցին սովոր չէ հանձնվել, սիրում է իր հողը։ Գյուղի բնակիչները վստահ են՝ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել և Հաղորտին էլ զարգացնել միայն որակյալ կրթություն ունենալու դեպքում:
Այս ուղղությամբ արդեն իրենց քայլերն են անում գյուղի երիտասարդներից շատերը, ովքեր Ստեփանակերտում հաճախել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների դպրոց։ Այժմ նրանք իրենց գիտելիքները կզարգացնեն «Ես» կրթական հիմնադրամի աջակցության միջոցով գործող «Մունք» տեխնոդպրոցում՝ ստանալով ծրագրավորման ոլորտում կրթություն։
Արցախը զբոսաշրջիկների կողմից սիրված վայր է։ Մինչ պատերազմը շատ զբոսաշրջային երթուղիներում ներառված էին այցելությունները Արցախի շատ տեսարժան վայրեր, որոնց թվում է նաև Հաղորտի գյուղը։
Գյուղը տեխնոլոգիական կենտրոն դարձնելուց բացի, ջանքեր է գործադրում նաև զբոսաշրջիկներին գրավելու համար։
Մեղվաբուծությամբ և այգեգործությամբ զբաղվող բնակիչներն այս օրերին գյուղ այցելողներին ցույց են տալիս իրենց վարպետությունը, ավանդույթները․ ինչպես են թութ հավաքում և օղի թորում։ Ասում են՝ այն բոլորին է հետաքրքրում։
Էլ ինչ արցախցի, եթե հյուրերին թթի օղի չհյուրասիրի։ Մարտիկ Բալայանն ընտանիքի ապրուստը հոգում է 30 թթենուց ստացած եկամտի միջոցով։ Թորած օղին Ստեփանակերտում և Երևանում է վաճառում, ստացած շահույթից չի դժգոհում:
Գյուղի զարգացման համար 160 բնակիիչներից բոլորն են փորձում սեփական գաղափարն ու ջանքերը ներդնել, անմասն չեն նաև պատանիները։
Երիտասարդները մտածում են, որ ֆինանսներ գտնելու դեպքում կարող է բարեկարգվել Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի տարածքը՝ կառուցված 1960-ական թթ.-ին։ Համոզված են՝ այն կդառնա գյուղի այցեքարտերից մեկը։
1751 թվականի «Սբ. Աստվածածին» եկեղեցին, 16-17 դարերի սրբատեղի «Օխտը խաչը» և 1752 թվականի տապանաքար Հաղորտին ընդգրկվել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը։
Պատերազմի միջով անցած գյուղի բնակիչների կարծիքով՝ եթե խաղաղություն լինի, կհաջողվի Հաղորտին դարձնել ժամանակակից համայնք։