Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են տիրանալ «Facebook» սոցիալական ցանցի հայկական օգտահաշիվների և դրանցով «թշնամուն պետական ու ռազմական գաղտնիք տրամադրող քաղաքացիների վերաբերյալ» կեղծ լուրեր տարածել` փորձելով վախի մթնոլորտ ստեղծել։
ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:
«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-նշվում է հաղորդագրության մեջ։