ԱՀ գյուղատնտեսության նախարարության հաղորդման հիման վրա 19.04.2022թ. ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ խարդախության եղանակով պետությունից 52.500.000 դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ: Այս մասին գրում է Արցախի դատախազությունը:
Քրեական գործը ներկայումս գտնվում է նախաքննության փուլում՝ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում:
«Հաշվի առնելով քրեական գործով քննության առարկայի շուրջ պարբերաբար ծավալվող հանրային քննարկումները և դրանց ընթացքում հնչող հայտարարությունները, հարկ ենք համարում շեշտել, որ հիշյալ գործով քննության է առնվում նաև ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում կառուցված թռչնաֆաբրիկայի շինարարության ընթացքում հնարավոր հափշտակություն կատարելու դեպքը:
Քննիչի կողմից գործով նշանակվել են փորձաքննություններ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ ԱՀ-ում գործող քաղաքաշինական նորմերին համապատասխանությունը որոշելու և շինարարական աշխատանքներում ՆՆՓ-ով սահմանված որակական ու քանակական պայմանների պահպանվածությունը պարզելու համար»,- գրում է դատախազությունը:
Նշվում է, որ փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո ի հայտ բերված ենթադրյալ հանցավոր դեպքերին տրվելու են իրավական գնահատականներ: