Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հայկական կողմից տուժածներ չկան։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։
Այսօր ավելի վաղ ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել էին, որ ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Տուժածներ, բարեբախտաբար, չկային։ Նշվել էր, որ իրավապահ մարմինները ռուս խաղաղապահների հետ ստուգումներ են անցկացնում։