Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Կարեն Դոնֆրիդի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:
«Օգոստոսի 1-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ կարծիքներ են փոխանակվել», – հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Բայրամովը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի ապահովման, այդ թվում՝ հաղորդակցության բացման, երկու երկրների միջև սահմանի դելիմիտացիայի, ապագա խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի կարևորության վերաբերյալ:
«Նախարարը նշել է, որ կողմերն ամբողջությամբ պետք է կատարեն իրենց պարտավորությունները։ Այդ կապակցությամբ ընդգծվել է, որ, հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10 – ի եռակողմ հայտարարության մեջ նախատեսված պարտավորություններին, հայկական զինված կազմավորումներն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից և նշվել է դրա անթույլատրելիությունը», – նշվում է հաղորդագրության մեջ: