Այսօր կրկին հրավիրել եմ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Սադրանք որակելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ օգոստոսի 1-ից իրականացվող գործողությունները` Հարությունյանը նշել է, որ իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր:
«Ուստի, դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով պահպանել զսպվածություն և հանգստություն:
Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմը 2 զոհի և 14 վիրավորների մասին է հաղորդել։