Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է այն մասին, թե ինչու են ՊԲ զինծառայողները տեղակայված շփման գծի երկայնքով։ Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու նման անհրաժեշտություն չի ունենա։ Այդ անհրաժեշտությունն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը ու շարունակաբար խախտում է 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշելով, որ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև ԼՂ-ում ՀՀ ԶՈւ ներկայությունը՝ Փաշինյանն ընդգծեց․ «Պետք է պաշտոնապես արձանագրեմ, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»։
Փաշինյանը շեշտեց նաև, որ Ադրբեջանը, որպես պատրվակ, օգտագործում է Լաչինի նոր միջանցքի հարցը․ «Ադրբեջանը հայտարարում է, թե իբր Լաչինի միջանցքի նոր երթողու կառուցման աշխատանքներն ավարտվել են, ու հետևաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Ադրբեջանի նման հայտարարությունները ու ձևակերպումները նույնպես 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում են։
Հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետին՝ նա շեշտեց․
«Այս պահի դրությամբ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով որևէ պլան գոյություն չունի։ Մենք մի քանի անգամ և հիմա էլ առաջարկում ենք դա անել, այսինքն՝ եռակողմ ֆորմատով պլան հաստատել։ Այս պահի դրությամբ՝ մենք որևէ պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել։ Չնայած պետք է նշեմ, որ ՀՀ-ն սկսել է Կոռնիձոր-Տեղ M12 մայրուղու ավտոնաճապարհի վերակառուցումը, որը, ենթադրաբար, պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի այն հայտարարությունները, թե ՀՀ-ն խուսափում է նաև վերոնշյալ հարցեր քննարկելուց, աբսուրդ է։
Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ պատերազմի բերումով ԼՂ մուտք գործած ԶՈւ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան։ Նրա խոսքով, ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ Արցախում չեն լինելու, բայց Լեռնային Ղարաբաղի զորակոչիկները, ինչպես նախկինում, զորակոչվելու են ՊԲ-ում ծառայելու: