Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը «սերտորեն համագործակցում է» Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ: Այս մասին հայտնում է Euronews հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԵՄ անանուն ներկայացուցչին։
Աղբյուրը հայտնել է, որ Միշելն արդեն զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շուտով կխոսի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Պաշտոնյայի խոսքով՝ Միշելի թիմը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին ինտենսիվ շփման մեջ են եղել երկու կողմերի հետ, որպեսզի երկխոսության միջոցով «անհապաղ դեէսկալացիայի հասնեն և օրակարգային հարցերի շուրջ առաջընթաց արձանագրեն»:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Եվրամիությունը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
Իր հերթին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն էր հայտնել հայկական և ադրբեջանական կողմերի միջև լարվածության աճի կապակցությամբ:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր:
Մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: