Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչները պետք է մինչև օգոստոսի 25-ը լքեն գյուղը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։
Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն է այցելել Աղավնո և բնակիչերին զգուշացրել, որ 20 օրվա ընթացքում պետք էլ քեն գյուղը։
«Գյուղը պետք է հանձնվի՝ անկախ նրանից, մենք ուզում ենք, թե չենք ուզում։ Նոյեմբերի 9-ին հայտարարությունն արդեն ստորագրված է, որի մեջ այս ամենն ամրագրված է։ Զորքն էլ Հայաստանը դուրս է բերել Արրցախից։ Ամեն ինչ վերջացած է։ Ով ուզում է, թող մնա Ադրբեջանի կազմում»,-նշեց համայնքապետը։
Անդրանիկ Չավուշյանի փոխանցմամբ՝ Աղավնոյի բնակիչներն իրենց վիրավորված և դավաճանված են զգում։ Պատրաստ են պայքարելու, բայց նախապես վճռված է գյուղի ապագան։
«Նիկոլ Փաշինյանին ոչ ոք հարց չի տալիս, թե ինչո՞ւ է մենակ թողել ժողովրդին։ Ի՞նչ պետք է անի ժողովուրդը։ Թող զենք տային, մեր ժողովուրդը պայքարող է։ Չի կարելի ասել, որ ժողովուրդը «բեյնամուս» է և չի ուզում կռվել։ Ժողովրդին ոչ էլ անվտանգության երաշխիքներ են տալիս»,- նկատեց համայնքի ղեկավարը։
Հայկ Խանումյանն Աղավնոյի բնակիչներին հայտնել է, որ լուծվելու է նրանց կեցության հարցերը․ Արցախի կառավարությունը լուծելու է Աղավնոյի բնակիչների վարձակալած բնակարանների վճարային հարցերը։
Հավելենք, որ Աղավնոյից դուր կգա շուրջ 170 բնակիչ։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան առցանց ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Բերձոր-Լաչինը շրջանցող նոր ճանապարհը շահագործելուց հետո ԼՂԻՄ-ի սահմանից դուրս գտնվող գյուղերը՝ Բերձորը, Աղավնոն ու Սուսը անցնելու են Ադրբեջանին:
Նշենք՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Արցախում վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու պահանջ է ներկայացրել։
Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին, Արցախի Ազգային ժողովում հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու դեպքում Բերձորից պետք է դուրս գան, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու են բանակցությունները։
Իր հերթին ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ասել էր, որ Աղավնոյի բնակիչներին կտեղավորեն Հին շեն և Մեծ շեն համայքներում։