Գործարար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել Արցախի անվտանգության և զարգացման աջակցության համահայկական ճակատ ստեղծելու նախաձեռնությամբ։
Ֆեյսբուքի իր գրառման մեջ նա նշել է, որ այսօր Արցախի շուրջ նոր ապակայունացման վտանգն ավելի մեծ է, քան երբևէ։ Նրա խոսքով՝ եթե անգամ ռազմական դիմակայության այս հերթական բռնկումը հաջողվի արագ մարել, նոր էսկալացիաների սպառնալիքն ամենևին չի վերանալու: Այն, որպես «դամոկլյան սուր», մշտապես կախված է Հայաստանի ու Արցախի վրա: Գործարարը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարները «կտրականապես չունեն կամք և պրոֆեսիոնալիզմ՝ Արցախի անվտանգության հարցը համակարգված կերպով լուծելու համար»։
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ իր համար նշանակություն չունի, թե «այս անգամ ում քաղաքական սուտը կհաղթի»։ Նա ընդգծել է, որ իր և իր համախոհների համար բացարձակ առաջնահերթություն է Արցախի երեխաների անվտանգությունը։ Վարդանյանի խոսքով՝ չափազանց կարևոր է բոլոր ջանքերը գործադրել ռազմական էսկալացիան կասեցնելու և հետագայի համար առնվազն արգելափակելու դրա հնարավորությունը։
«Որպես առաջին քայլ՝ առաջարկում եմ ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ: Դրա կազմակերպման իրավական ձևերն ու միջոցները կարելի է քննարկել, բայց նման նախաձեռնությունն ինքնին պետք է համախմբի քաղաքացիական հասարակության, Հայաստանի ու Արցախի իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, սփյուռքի և բոլոր հայրենասերների, բոլոր նրանց ներուժը, որոնք հասկանում են արցախյան հողում հայկականության պահպանման սկզբունքային կարևորությունը»,- նշված է գրառման մեջ:
Նրա խոսքով՝ անվտանգության առանցքային տարրը հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի գտնվելու ժամկետի երկարաձգման և կոնտինգենտի բազմակի մեծացման հարցի լուծումն է՝ Արցախի անվտանգությունն անվերապահորեն ապահովելու հստակ մանդատով։ Վարդանյանը նշել է, որ այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, մինչև հայկական կողմը պատրաստ կլինի լիարժեքորեն ապահովել անվտանգությունը:
«Այս քայլը թույլ կտա տարածաշրջանում խաղաղություն պահպանել, հումանիտար համագործակցություն հաստատել և երկարաժամկետ հավասարակշռված լուծում գտնել: Դրան հիմա պետք է ուղղված լինեն մեր դիվանագիտական ջանքերը: Խաղաղապահների ներկայությունը Արցախում ապրող բնակչության համար ֆիզիկական բացարձակ անվտանգության զգացողություն պետք է ապահովի»,- նշել է նա:
Գործարարը հայտարարել է նաև, որ ժամանակն է վերջ տալ արցախյան թեմայի շահարկմանը`որպես իշխանության և ընդդիմության պայքարի խաղաքարտի, ժամանակն է մոռանալ անձնական քաղաքական հավակնությունների մասին: Ըստ նրա՝ այս հարցը չպետք է բաժանի հայությանը, չպետք է դառնա ինտրիգների ու հաշիվներ մաքրելու առիթ:
«Այն պե՛տք է և կարո՛ղ է միավորել մեր ժողովրդին: Մենք պետք է համատեղ որոշենք ինչպիսի պետություն, ինչպիսի բանակ, ինչպիսի դիվանագիտություն և անվտանգության այլ միջոցներ են պետք Հայաստանին ու Արցախին: Որոշենք ու անհապաղ անցնենք գործի: Քանի որ Արցախի երեխաները պետք է լիարժեք կյանքի իրավունք ունենան», – նշել է Վարդանյանը։
Հայկական Մեղրի քաղաքը 2026 թվականին կդառնա ԱՊՀ մշակութային քաղաք
Հայկական Մեղրին 2026 թվականին կդառնա ԱՊՀ մշակութային քաղաք, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ ԱՊՀ...