Ռուս քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերջին լարվածությունը։
Քաղաքագետը չհամաձայնեց այն կարծիքին, որ Արցախում տեղի ունեցած վերջին միջադեպի ժամանակ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական զորակազմը չի արձագանքել Բաքվի գործողություններին։ Նա հիշեցրել է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը Ստեփանակերտում շփվել է հայկական կողմի հետ։ «Ռուսական կողմը, այսպես թե այնպես, իր աշխատանքն է կատարել, և ադրբեջանական հենակետը գտնվում է նույն տեղում, որտեղ գտնվել է մինչ այդ», – ընդգծեց Գևորգյանը:
Նա նշել է, որ միջադեպից հետո՝ հաջորդ օրը հրավիրվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ որպես հիմնական հարց է դրվել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Դա ազդանշան է, համապատասխան որոշումներ են կայացվել։ Այն տեղեկատվությունը, որ ստանում եմ ես, վկայում է այն մասին, որ կողմերը մնացել են իրենց նախկին դիրքերում։ Ըստ ամենայնի, ռուս խաղաղապահները Մոսկվայից ազդանշան են ստացել Անվտանգության խորհրդի նիստից հետո և արել են այն, ինչ նրանք պարտավոր էին անել», — նշել է քաղաքագետը։
Խոսելով օգոստոսի 5-ին Սոչիում կայացած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքների մասին՝ Գևորգյանն արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը և վերջին շրջանում այնտեղ տեղի ունեցած միջադեպերը հանդիպման ընթացքում չեն քննարկվել, համենայնդեպս պաշտոնական մակարդակով այդ մասին ոչինչ չի ասվել:
Արևելագետը նշել է, որ վերջերս՝ հուլիսի 19-ին, Էրդողանը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Պուտինի հետ, այնուհետև ժամանել է Սոչի։ «Այստեղ հարց է առաջանում՝ ում է դա պետք ավելի շատ՝ Պուտինին, թե Էրդողանին։ Պատասխանը հարցում է, դա պետք էր Էրդողանին», – նշել է փորձագետը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ թուրքական կողմը հույս էր հայտնել, որ Պուտինը կայցելի Թուրքիա, սակայն խուսափողական պատասխան է ստացել Մոսկվայից։
Քաղաքագետը դժվարացել է հաստատել կամ հերքել սոցցանցերում և ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները, թե իրանական զորքերն Ադրբեջանի հետ սահման են տեղափոխվել Ղարաբաղում վերջին էսկալացիայի ընթացքում: «Վերջին մի քանի տարիների ընթացքում, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, Իրանն ամրացրել է սահմանն ու կենտրոնացրել հեռահար հրետանին ու տարբեր զինատեսակներ Ադրբեջանի հետ սահմանին, ուստի Թեհրանին, ըստ էության, պետք չէ ոչինչ տեղափոխել», — ընդգծել է նա: Միաժամանակ Կարինե Գևորգյանը չբացառեց, որ իրանական զորքերի տեղաշարժեր կարող էին տեղի ունենալ։ Նրա խոսքով՝ Արցախում ընթացող հակամարտության մի շարք բռնկումների պայմաններում, բնական է, որ Իրանն իր զինուժն այդ հատվածում բերում է ավելի մեծ մարտունակության վիճակի՝ փորձելով հետևել իրավիճակին:
Մանրամասները՝ տեսանյութում։