Օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 683 ահազանգ, որից 624-ը ճանաչողական բնույթի: Շաբաթվա ընթացքում գրանցվել է բնածին բնույթի 6, տեխնածին՝ 14 և սոցիալ-կենցաղային բնույթի 14 կանչ: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։
Գրանցված 6 հրդեհի դեպքերն արձանագրվել են չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկներն օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:
Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները հանրապետության շրջաններում կազմակերպված ճամբարներում իրականացրել են շուրջoրյա հերթապահություն և ապահովել ճամբարականների անվտանգությունը։
Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները կատարել են փակված 5 դռան և 2 վերելակի բացում, փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել են համապատասխան բժշկական հաստատություններ, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի:
Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 2 ահազանգ: Հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք:
Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ՝ վնասազերծվել է 121 պայթուցիչ, 2 հրթիռ, ականանետի 74 ական, 282 արկ և գնդիկաբեկորային 5 ավիառումբ: