«Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնությունն՝ այսօր Կառավարության շենքի մոտ, ժամը 20։00-ին շտապ հավաք է անցկացրել՝ ի աջակցություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի։
Իրենց հայտարարության մեջ նախաձեռնության անդամները պահանջում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից և Արցախ Հանրապետության կառավարությունից չտալ նոյեմբերի 9-ի հայտարարության վեցերորդ կետի ձևակերպումների այնպիսի մեկնաբանություններ, որոնք բացակայում են այդ կետից։ «Այն է՝ Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչների «տարհանումն» իրենց տներից, որպես վերոնշյալ հայտարարության իրականացում»,-նշում են նրանք։
Ըստ նախաձեռնության անդամների՝ հայտարարության մեջ նշված է, որ միջանցքով (ռուսերեն տարբերակ), միջանցքի երկայնքով (հայերեն տարբերակ) նոր ճանապարհի նախագիծ է ստեղծվելու կողմերի համաձայնությամբ, մինչև 2023 թվականը, ինչը չի բացառում, որ նոր միջանցքը պետք է ներառի Բերձոր, Աղավնո և Սուս հայկական բնակավայրերը։
«Ընդ որում, կողմերի միջև գոյություն չունի պայմանավորվածություն նախագծի վերաբերյալ և նշյալ հայտարարությամբ չի կարող իրականացվել առանց քաղաքացիների, ներառյալ Լաչինի մարդասիրական միջանցքում գտնվող քաղաքացիների անվտանգության երաշխավորմամբ»,-նշում են նրանք։
Արցախցի երիտասարդները նաև հայտարարում են, որ չպետք է տրվել ադրբեջանական ահաբեկումներին և չթողնել Արցախի բնակիչներին առանց քաղաքական պաշտպանության։ «Այդ թվում՝ թույլ չտալ Արցախի Հանարպետության իշխանությունների որևէ թևին, որպեսզի իրենք իրականացնեն քաղաքացիների «տարհանման» ծրագիր, որը ոտնահարում է քաղաքացիների համամարդկային ազատություններն ու իրավունքները»,-նշել են նրանք։
Նրանք պնդում են, որ պետք է մերժել հանձնողական քաղաքականությունը, որը իրականացվում է իշխանությունների ներսի և արտաքին որոշ ուժերի ճնշումների արդյունքում, պետք է կազմակերպել ու օժանդակել Արցախի բնակչության, այդ թվում՝ Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգությունն ու պաշտպանությունը, չապավինել բացառապես ռուսական խաղաղապահներին, որոնք իվիճակի չեն կատարել իրենց ստանցձնած խաղաղապահ առաքելությունը, ներգրավել Լաչինի մարդասիրական միջանցքում բազմազգ խաղաղապահ առաքելության՝ անվտանգությունից ելնելով, բարձրաձայնել բոլոր գործընկեր երկրներում, միջազգային մամուլում Ադրբեջանի վարած մարդատյաց քաղաքականության, էթնիկ զտումների և ահաբեկչությունների ու շանտաժի մասին, որն Ադրբեջանն իրականացնում է ռուսական կառավարության լուռ համաձայնության պայմաններում՝ հող նախապատրաստելով Արցախի Հանրապետության ճանաչման համար։
Ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչները պետք է մինչև օգոստոսի 25-ը լքեն գյուղը։
Նշենք՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Արցախում վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու պահանջ է ներկայացրել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ինց սկսած Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավորում են ստացել 19 զինծառայողներ, մահացու հրազենային վիրավորում՝ 2 պայմանագրային զինծառայողներ։