Վերջին շրջանում Արցախի Հանրապետությունում կրկին աճել է կիբեռ (համակարգչային հանցագործություն) բնույթի հանցագործությունների դեպքերը: Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Նշվում է, որ օգոստոսի 10-ին Ստեփանակերտ քաղաքի 25-ամյա բնակիչ Կ.Է.-ն, ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել այն մասին, որ օգոստոսի 6-ին առանց իր իմացության «ArCa» համակարգի միջոցով «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված իր աշխատավարձի բանկային քարտից ընդհանուր 440.000 ՀՀ դրամ է փոխանցվել այլ բանկային քարտի հաշվին: Արդյունքում՝ իրեն պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը, որը միաժամանակ զգուշացնում է քաղաքացիներին, որ կազմակերպված կիբեռհանցագործության միջոցով խաբեությամբ գողանում են մարդկանց անձնական տվյալներն ու գումար աշխատում:
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը կոչ է անում զգույշ լինել և չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, մերժել սոցիալական ցանցերում բանկային քարտի հաշվեհամարը մուտքագրելու առաջարկներից և առցանց բնույթի տարբեր գործարքներից։