Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայրենազրկման հոմանիշ է դարձել մեզ համար. կտոր-կտոր կորցնում ենք մեր հայրենիքը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Թովմասյանը հայտնել է, որ Քաշաթաղի համայնքների՝ այլընտրանքային ճանապարհի կառուցմամբ պայմանավորված Ադրբեջանի վերահսկողությանն անցնելու հետ կապված գրություն է ուղարկել Կառավարություն։
«Գրություն եմ ուղարկել Ն․ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ, թե այս համայնքների հանձնումը ու՞մ կողմից է համաձայնեցվել և իրավական ուժ ունեցող ի՞նչ փաստաթղթի հիման վրա է իրականացվում։ Առ այսօր ՀՀ կառավարությունը չի հայտնել նաև, թե արդյո՞ք բանակցել է նշված համայնքները չհանձնելու շուրջ, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել։ Եթե վաղուց հայտնի էր, որ այդ բնակավայրերը պիտի հանձնվեն, ինչու՞ ժամանակին նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվել, այլ ընդհակառակը՝ տարբեր միջոցներով ներդրումներ են արվել այդ համայնքներում: Մեկ այլ խնդիր է նաև պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը առ այն, թե արդյոք ՀՀ կառավարությունը ձեռք է բերել պայմանավորվածություն, որ ադրբեջանական վայրագները չեն վնասի նշված համայնքների պատմամշակութային ժառանգությունը, գերեզմանները»,-նշել է Թովմասյանը։
Նա նաև հայտնել է, որ Արցախի պատգամավորները ահազանգում են, որ տարհանման ռեսուրսները չեն բավարարում տարհանման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար։
«Ուստի պատրաստվում եմ դիմել նաև միջազգային գործընկերներիս` Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների հանձնման ժամկետների երկարաձգման հարցով. չգիտեմ` ինչ կստացվի, բայց վերջին քայլն է, որ կարող եմ անել իբրև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ», – նշել է պատգամավորը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հայտարարեց, որ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը քիչ է համարում, իսկ Աղավնոյի համար պայքարելու են։