Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ այսօր՝ օգոստոսի 25-ին, «ռուս խաղաղապահները Ադրբեջանին են հանձնել Լաչինի միջանցքը՝ վեց կիլոմետրանոց լեռնային ճանապարհը, որն առանցքային նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար և կապում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը»։
Միևնույն ժամանակ Արցախի ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ «Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է, իսկ Արցախի Հանրապետություն մտնող և դեպի ՀՀ ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները:
Այս մասին Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ շատ դժվար է հասկանալ, թե այս պահին ինչ է կատարվում այնտեղ, սակայն ռուս խաղաղապահների հրամանատարության հետ հանդիպման ժամանակ իրենց հստակ ասվել է, որ Արցախի ժողովուրդը ճանապարհի հարցում չի զգալու որևէ տարբերություն: Այսինքն ճանապարհը ռուս խաղաղապահների հսկողության ներքո գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմը չի ավարտել ճանապարհի իր հատվածի շինարարությունը:
«Ադրբեջանական կողմի լրատվությունը միշտ հակված եմ դիտարկել որպես նախ իրենց կողմին հանգստացնող, երկրորդը Արցախում բնակվող հայերին հերթական անգամ տեռորի ենթարկելու միջոց»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ մարդիկ հիմա շատ են օգտվում տեղեկատվական աղբյուրներից և արագ են խուճապի մատնվում, անգամ իրենց աչքի տեսածին չեն հավատում:
Հակոբյանը համոզված է, որ ռուս հրամանատարը չէր կարող այդպիսի անլուրջ հայտարարություն անել:
«Միանշանակ այդ ճանապարհն օգտագործվելու է այնքան, քանի դեռ չկա պաշտոնական եռակողմ հայտարարություն, որը (այդ ձևաչափով) մենք պահանջել ենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների հայաթափմանը, պատգամավորը համոզված է՝ դա արվել է հայաստանյան և արցախյան իշխանությունների ձեռքով:
«Իմ աչքով եմ տեսել, որ որևէ մեկն անզոր էր որևէ բան անել, մարդկանց պարզապես տեռորի ենթարկելով՝ հանեցին տներից»,- պատմեց Մետաքսե Հակոբյանը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը Քաշաթաղի շրջանի Լաչին քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղի բնակիչները լքեն իրենց տները։ Ադրբեջանական կողմն այս պահանջը ներկայացրել էր Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի՝ իր հատվածի շինարարությունն ավարտելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել էր Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել էր Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել էր, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։
Նշենք՝ Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ «Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել:
Արաքսյա Սնխչյան