Ադրբեջանական բանակը մտել է Բերձոր և Աղավնո։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը։
Պարբերականները գրում են, որ նախկինում բնակավայրերը վերահսկվում էին Արցախի իշխանությունների կողմից։
Նրանք գտնվում են Հայաստանի սահմանին։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը Քաշաթաղի շրջանի Լաչին քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղի բնակիչները լքեն իրենց տները։ Ադրբեջանական կողմն այս պահանջը ներկայացրել էր Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի՝ իր հատվածի շինարարությունն ավարտելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել էր Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել էր Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել էր, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։