Ռուսաստանահայ միլիարդատեր, սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը Արցախի հետ կապված իր ձեռնարկումների համար հանդիպումներ կունենա Սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ։ Այս մասին գործարարը տեղեկացրել է Facebook-յան իր էջում։
«Շարունակում եմ Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարքը: Կարևոր եմ համարում տարբեր երկրների ազդեցիկ անձանց բացատրել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովման մեր գործողությունները։
Այսօր և՛ Սփյուռքի, և՛ Հայաստանի բարեկամների համար շատ կարևոր է օգտագործել այս արտաքին ռեսուրսը ի շահ հայ ժողովրդի»,-գրել է նա։
Վարդանյանի փոխանցմամբ՝ այսօր և վաղը Ֆրանսիայում մասնակցելու է մասնավոր միջոցառման, ինչպես նաև նախատեսում է հանդիպումներ այնպիսի անձանց հետ, որոնք կարող են կարևոր ներդրում ունենալ Արցախի շենացման գործում։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության արմատներն ու հիմքը»։