Արցախի դատախազությունը ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի այսօրվա հայտարարության կապակցությամբ պարզաբանում է տարածել։
Նշենք, որ այսօր Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Facebook-յան իր էջում հայտարարություն էր հրապարակել, որում ներկայացվել էր իր կողմից 2020թ. նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու և անվտանգության խորհրդի նույն օրվա նիստում հնչած՝ պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները հանրայնացնելու մասին տեղեկություններ՝ ԱՀ դատախազությունից ակնկալելով նշված դեպքերի պատշաճ քննություն: Բաբայանը հայտարարել էր, որ ցանկացել է կանխել եռակողմ հայտարարության ստորագրությունը, սակայն չի հաջողվել։ Նա պահանջել էր ներկայացնել ԱԽ նոյեմբերի 6-ի նիստի արձանագրությունները։
Արցախի դատախազությունից վերոգրյալի կապակցությամբ պարզաբանում են, որ ԱՀ իրավապահ մարմիններն իրավասու են արձագանքել և քրեադատավարական գործընթաց նախաձեռնել բացառապես առերևույթ կատարված կամ նախապատրաստվող կոնկրետ հանցագործության դեպքի մասին վկայող տվյալների առկայության դեպքում:
«Իրավապահ մարմինները չունեն մասնավոր անձանց միջև ծագած՝ քաղաքացիա-իրավական բնույթ կրող վեճի առարկայի շուրջ քննություն իրականացնելու և «ճշմարտություն բացահայտելու» պարտականություն կամ լիազորություն, նման բնույթի հարցերը ենթակա են լուծման մասնավոր-իրավական տիրույթում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է ԱՀ անվտանգության խորհրդի նիստում հնչած՝ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման վերաբերյալ հայտարարությանը, ապա, ըստ գերատեսչության, այն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար: