Ադրբեջանը փորձում է բացառել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորությունը: Այս մասին Եվրոպական Խորհրդարանում անցկացված «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողովի ժամանակ
ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Նա նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել Արցախի կարգավիճակի վերջնական որոշմամբ՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքի վրա։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է միայն որոշվել իր ժողովրդի կողմից, փաստ, որը արձանագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված սկզբունքներում։
Խորհրդաժողովի ընթացքում հիմնական բանախոսությամբ հանդես է եկել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
Նա մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, դատարանի կողմից կայացված վճիռների և դեռևս քննվող գործերի ընթացի վերաբերյալ։
Եվրոպական խորհրդարանի՝ միջոցառմանը ներկա մի խումբ պատգամավորներ վերահաստատել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը օժանդակելու իրենց պատրաստակամությունը: