Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 13-ի, ժամը՝ 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում:
Իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Տվյալները ճշտվում են: