ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 16-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը: Արցախի պատվիրակության կազմում եղել են ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունները եւ մշտական հանձնաժողովները ներկայացնող պատգամավորները:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արցախի պատգամավորները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում ստեղծված քաղաքական, սոցիալական եւ բարոյահոգեբանական մթնոլորտը, կարեւորել Հայաստան-Արցախ անվտանգային սպառնալիքներին միասնական ներուժով դիմագրավելու առաջնահերթությունը:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խոսելով ադրբեջանական փաստացի ագրեսիայի, հայոց պետականությանն ուղղված լրջագույն մարտահրավերների, քաղաքական մեծամասնության կողմից երկրի առջեւ ծառացած անվտանգային լրջագույն մարտահրավերները հաղթահարելու անկարողության մասին, շեշտել է, որ ներկայիս իրավիճակը հնարավոր է հաղթահարել եւ լուծումներ գտնել՝ հրատապորեն ձեւավորելով ազգային համաձայնության իշխանություն, որդեգրելով եւ հետեւողականորեն իրականացնելով անվտանգային համապարփակ նոր ռազմավարություն:
Հանդիպման բոլոր մասնակիցները միակարծիք են եղել ադրբեջանական շարունակվող ագրեսիան հաղթահարելու հարցում միասնականություն եւ համակարգված քաղաքականություն առաջ տանելու հարցում՝ անկյունաքարային համարելով Արցախ-Հայաստան անվտանգային միասնական համակարգի իրողությունը: