Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ժողովրդին ուղղված ուղերձով է հանդես եկել։
Անդրադառնալով Արցախի Հանրապետության շուրջ ձևավորված արտաքին քաղաքական միջավայրին, Հարությունյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհիմն ու ժամանակավրեպ են դարձել հակամարտության կարգավորման հիմքում ընկած երեք սկզբունքներից երկուսը՝ տարածքային ամբողջականությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, իսկ ադրբեջանական ագրեսիան ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները անառարկելիորեն ամրապնդել են Արցախի ինքնորոշման իրավունքի լրիվ ճանաչման ու պաշտպանության անհրաժեշտությունը՝ որպես և՛ միջազգային հանրության կողմից չիրականացված սկզբունք ու պարտավորություն, և՛ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխիք:
«Անընդունելի ու անհիմն են փորձերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի միջոցով ստվեր գցելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, քանի որ իրավունքը մշտապես գերակա է սկզբունքի հանդեպ: Տվյալ պարագայում, ինքնորոշման իրավունքի միակ սուբյեկտը Արցախի ժողովուրդն է, որը չի դադարեցնելու իր պայքարը սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը որոշելու և լիիրավ կերպով տնօրինելու համար»,-նշել է Հարությունյանը։
Ըստ Հարությունյանի՝ կարևոր հարցերից մեկն էլ Ադրբեջանի հետ հարաբերություններն են այս ընթացիկ ժամանակահատվածում:
«Ինչպես նշել եմ, մենք բաց ենք ադրբեջանական կողմի հետ բանակցություններով կարգավորել բոլոր հիմնախնդիրները, այդ թվում՝ անվտանգային, հումանիտար ու ենթակառուցվածքային բնույթի: Մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած խնդիր, որը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով, պետք է լուծել բանակցելով: Այդ տրամաբանության շրջանակներում են հետպատերազմյան ժամանակահատվածում մեր պարբերական շփումները ադրբեջանական կողմի հետ՝ անհայտ կորածների որոնման, ջրային ռեսուրսների օգտագործման, ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ նպատակներով: Եվ այդ շփումներն ամենևին կապ չունեն Արցախի կարգավիճակի հետ, նման քայլերով մենք փորձում ենք որոշակի բարենպաստ պայմաններ ապահովել պետության ու ժողովրդի կենսագործունեության համար՝ հաշվի առնելով մերօրյա իրողությունները: Պետք է նաև նկատի ունենալ, որ հնարավոր չէ բոլոր նման շփումների վերաբերյալ մանրամասներ ներկայացնել հասարակությանը, քանի որ ավելորդ հրապարակայնությունը երբեմն վնասում է գործընթացին ու սպասվող արդյունքներին: Մի բան հստակ է, որ Արցախի իշխանությունները որևէ կարմիր գիծ չեն խախտում ու չեն խախտելու ադրբեջանական կողմի հետ նմանատիպ փոխշփումների ընթացքում, հակառակը՝ դրանց միջոցով կարողացել ենք բազմաթիվ մեծ ու փոքր հիմնախնդիրներ լուծել և կանխել»,-հայտարարել է Հարությունյանը։