Իրանի իշխանությունները հակամարտությունների և պատերազմների կողմնակից չեն, սակայն տարածաշրջանում սահմանների փոփոխության դեպքում լուռ դիրքորոշում չեն որդեգրի։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին:
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, նա այդ մասին ասել է՝ մեկնաբանելով Ադրբեջանի ռազմական ներխուժումը Հայաստանի ՀԱնրապետության տարածք։ Բաղերին ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն: Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել է, որ Թեհրանն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով:
«Մենք չենք դիմում հակամարտությունների և պատերազմների, բայց չենք էլ լռելու՝ բախվելով դրանց հետ»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: