Արցախի թեման, իմ տպավորությամբ, ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում և ոչ միայն Բրյուսելում, այլև այն ժամանակ, երբ խոսքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշեց, որ դժվար է պատկերացնում Ղարաբաղի մասին պատկերացումների բացակայությունը բանակցություններում, քանի որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հենց Ղարաբաղի շուրջ էր:
«Այն հանգամանքը, որ «Արցախի Հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն» Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից իսպառ կորել են, վկայում է այն մասին, որ այստեղ ունենք լրջագույն պրոբլեմ»,- ասաց Քոչարյանը:
Նա նաև նշեց, որ իր տեղեկություններով՝ Ադրբեջանը հայտարարում է, որ չունի Ղարաբաղի մասին ՀՀ-ի հետ քննարկելու ոչինչ, իսկ Հայաստանն այդ մոտեցման համար չի պայքարում: Հետևաբար հետագա բանակցությունները Քոչարյանը պատկերացնում է այսպես՝ Բաքու, Ստեփանակերտ և ինչ-որ չափով Մոսկվա: Իր տպավորությամբ արցախյան իշխանությունները հարմարվել են այս վիճակին: Բացի այդ մեծացել է Բաքվից կախվածությունը, հերիք է միայն այն, որ կապի մալուխը, գազատարը մնացել են հին ճանապարհի վրա, չեն տեղափոխվել: Միակ դրական բանն այն է, որ հարցումների արդյունքներով՝ 95 տոկոսը չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում, սակայն դեռ չի պայքարում դրա դեմ, ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Քոչարյանի խոսքով՝ գտնվում ենք խորը անվտանգային ճգնաժամի մեջ, երբ երկրի իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանել տարածքային ամբողջականությունը:
«Բաքվի և Անկարայի դերն այս իրադարձությունների ներքո շեշտակի աճել է»,- ասաց նախկին նախագահը, իսկ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի ազդեցության լծակներն էլ նվազել են:
Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում Քոչարյանն ավանեց խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ: Իր բովանդակությամբ սա նշանակում էր, որ այսպիսի սպասելիքներ չկան և նույն բառապաշարով խոսել այստեղ՝ ներսում, անիմաստ է, շեշտեց բանախոսը:
««Պանիխիդայի» ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի ցանկանում»,- նկատեց Քոչարյանը՝ հավելելով, որ պետք է փակել այդ էջն ու այլ հիմքերի վրա հենված՝ ուրիշ էջ բացել: «Մենք բանակցությունների սեղանի վրա ենք, ոչ թե այդ սեղանի շուրջ»,- ասաց նա և շարունակեց, որ թույլերին ոչ ոք չի սիրում. մուրացկաններին ինչ-որ բան տալիս են ոչ թե հարգանքի, այլ խղճահարության համար:
Ստեղծված իրավիճակում Քոչարյանը տեսնում է մի քանի լուծում:
Առաջինը հանրային կոնսոլիդացիան է:
Հաջորդը բանակով լուրջ զբաղվելու անհրաժեշտությունն է: Մասնավորապես Քոչարյանին զարմացնում է, թե ինչու երկու տարում ՀՀ լուրջ բնագիծ չենք կառուցել, այլ միայն հենակետեր, որոնցից մի քանիսը կահավորված է, մնացածն անմխիթար վիճակում են:
Երրորդը անվտանգային ճարտարագիտության վերագնահատումն է: Ըստ Քոչարյանի՝ պետք է հստակ գնահատել մեր արտաքին ազդեցությունները, սպասելիքները երկրներից ու կառույցներից, որոնք հնարավոր է՝ չունեն այն ազդեցությունը, ինչ սպասում ենք: Քոչարյանն ասաց՝ Բաքվի և Անկարայի վրա ազդեցություն չունի ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Ֆրանսիան….իսկ Էրդողանի վրա առհասարակ ոչինչ չի ազդում: Նա ազգային շահն առաջ մղելու հարցում «մաստեր-կլասս» է ցույց տալիս: