Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր, հասարակական գործիչ և ձեռներեց Ռուբեն Վարդանյանն իր Facebook-ի էջում հայտնել է, որ այց է կատարել Մուշկապատ, որն Արցախի ամենահին գյուղերից մեկն է:
«Այն, որ հայերն այստեղ ապրել են հազարամյակներ, վկայում են հին գերեզմանատան տապանաքարերը: Դրանցից մեկն առնվազն 700 տարեկան է, որի վրա տեսանելի են հայատառ գրությունները: Սա, ընդ որում, ոչ թե ամենահին, այլ կանգուն մնացած ամենահին գերեզմանաքարն է: Շատ տապանաքարեր արդեն հողի հաստ շերտով են ծածկվել ու չեն երևում»,-ասել է նա՝ նշելով, որ Մուշկապատում պահպանվել է դեռևս 13-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Նա ընդգծել է, որ տարիներ առաջ իրենց հիմնադրամը, ծագումով մուշկապատցի բարերարի միջոցներով և Արցախի կառավարության աջակցությամբ, վերանորոգել էր եկեղեցին:
«Այն հիմա ամուր կանգնած է, բայց ես շատ կցանկանայի, որ վերանորոգումից հետո եկեղեցին գործեր, որ այստեղ անցկացվեին հոգևոր արարողություններ, հարսանիքներ, մկրտություններ, ինչպես եղել է դարեր առաջ։ Մեզ համար կարևոր է պահպանել մեր խորքային արմատները, իսկ դրա համար պետք է այնպես անել, որ հազարամյա պատմություն ունեցող գյուղը, որտեղ մարդիկ ապրում են՝ չնայած բազմաթիվ խնդիրներին, շարունակի ապրել, դարերով կանգուն եկեղեցին կյանքով լցվի, կառուցվեն ճանապարհներ, որոնք գյուղը կդարձնեն նաև այցելության համար ամենահետաքրքիր ու յուրօրինակ վայրերից մեկը»,-գրել է նա։