Սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին, որի ընթացքում շոշափվել են Լոս Անջելես-Արցախ կապերի զարգացման հեռանկարներին, հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգովորմանն առնչվող հարցեր, և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն:
Նախարար Բաբայանը կարևորել է Արցախի Հանրապետության կապերը Լոս Անջելես քաղաքի հետ՝ ընդգծելով, որ Արցախում բարձր են գնահատում մեգապոլիսի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը՝ այն որակելով որպես կարևոր բարոյական, քաղաքական և մարդասիրական օրինակելի որոշում։ Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Արցախի ԱԳ նախարարը ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արտգործնախարարը կարևորել է նաև բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Նիստին ներկա են գտնվել նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ Հիշեցնենք, որ Բաբայանն ԱՄՆ-ում է սեպտերմեբրի 15-ից:
|